Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Առաջնությունների ու գավաթի խաղերը մեկտեղած Եվրոպան

Առաջնությունների ու գավաթի  խաղերը մեկտեղած Եվրոպան
22.04.2016 | 12:09

Չեմպիոնության համար պայքարում վերջին խաղերը ձախողած «Բարսելոնը» վերջապես ուշքի եկավ, «Յուվենտուսը» ևս մեկ քայլ կատարեց երկրում ժամկետից շուտ լավագույնը ճանաչվելու ճանապարհին, ճակատագրի կամոք ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» կրկին կխաչաձևեն սրերը, ու դա լինելու է գավաթի համար պայքարում, դարձյալ գավաթային խաղում, եզրափակչում է և «Պարի Սեն Ժերմենը», իսկ անգլիական պրեմիեր լիգան շարունակում է մնալ աշխարհամասի ամենաինտրիգային առաջնությունը:

ԻՍՊԱՆԻԱ
Որքան էլ նոնսենս է, ներքին առաջնության վերջին չորս խաղում կատալոնյան ակումբը «փայլեց» ընդամենը մեկ միավոր վաստակելով՝ ծայրաստիճան սրելով չեմպիոնության համար պայքարը: Լա Կորունյայում «Դեպորտիվոյի» հետ պայքարը պատասխան պիտի տար՝ «Բարսելոնը» գիտակցո՞ւմ է պահի լրջությունը, թե՞ շարունակելու է մնալ իր իսկ ստվերը: Բարեբախտաբար, եղավ առաջինը: Կատալոնցիներն իրենցից ու աշխարհից ունեցած ողջ զայրույթը թափեցին խեղճ տանտերերի գլխին՝ հաղթելով 8:0 հաշվով: Պոկերի հեղինակ է դարձել Լուիս Սուարեսը՝ միաժամանակ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ, որոնցից մեկը գոլի է վերածել Լիոնել Մեսին:
Հաղթական հանդիպումներ են ունեցել նաև բարսելոնցիներին կրնկակոխ հետապնդող, Չեմպիոնների լիգայի մեկ քառորդից նրան դուրս մղած «Աթլետիկոն» ու Մադրիդի «Ռեալը»: Առաջինն արտագնայում նվազագույն հաշվով առավելության է հասել Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ, երկրորդը սեփական հարկի տակ պարտության է մատնել չորրորդ հորիզոնականում գտնվող «Վիլյառեալին» (3:0):
«Բարսելոնն» ու «Աթլետիկոն» ունեն 79-ական, «Ռեալը»՝ 78 միավոր:

ԱՆԳԼԻԱ
Չափազանց բուռն են խոստանում լինել պրեմիեր լիգայի եզրափակիչ խաղերը, որտեղ երեսունչորս տուրից հետո առաջատարը շարունակում է մնալ 73 միավորով աղյուսակը գլխավորող, մրցաշարի կատարյալ հայտնություն ու խռովարար «Լեստերը»: Նրան կրնկակոխ հետապնդում է «Տոտենհեմը», որի հինգ միավորով հետ մնալը դեռևս ոչինչ կամ գրեթե ոչինչ չի նշանակում: Կենաց-մահու պայքար է ընթանում նաև երրորդ տեղի համար, այն էլ միանգամից երեք թիմերի՝ «Մանչեստր Սիթիի» (61 միավոր), «Արսենալի» (60 միավոր՝ գումարած պակաս անցկացրած մեկ խաղ), «Մանչեստր Յունայթեդի» (59 միավոր) միջև:

ԻՏԱԼԻԱ
Եթե Սովետմիության ծանոթ օրինակով «Բարսելոնը» Իսպանիայում իր համար արհեստական խնդիրներ է ստեղծում ու փորձում հասնել դրանց հերոսական լուծմանը, «Յուվենտուսը» նման է նույն Խորհրդային Միության խորհրդանիշ, որսը պինդ բռնած ու բաց չթողնող ճերմակ արջին: Այս անգամ զոհը մայրաքաղաքը ներկայացնող «Լացիոն» էր: Մայրաքաղաքայինները որքան էլ փորձեցին հերոսաբար դիմադրել (վերջին երկու խաղերը նրանք հաղթանակով են ավարտել ու, բնականաբար, դեմ չէին երրորդն էլ անելուն), արդյունքում, միևնույն է, պարտվեցին վերջին քսաներեք խաղից քսաներկուսում բացառապես հաղթանակներ տոնած թուրինցիներին՝ 3:0:
Տուրում երեք միավոր է վաստակել նաև թիմի գլուխ Լուչանո Սպալետիի գալով արծաթե մեդալների համար կատաղի պայքարի մեջ ներքաշված «Ռոման», որը հանդիպման 86-րդ րոպեին պարտվում էր 1:2 հաշվով: Իտալական «գայլերին» նախորդ տուրի ֆիասկոն կրկնելուց փրկեց թիմի կենդանի լեգենդ, երեսունիննամյա Ֆրանչեսկո Տոտին: Նա նախ հավասարեցրեց հաշիվը, ապա առաջ մղեց իր թիմին: Հուրախություն «գայլերի», տուրում ձեն ձենի տված պարտվեցին նրանց հետապնդող «Ֆիորենտինան» ու «Ինտերը»:
«Ռոմայի» հաղթանակի կողքին հիշենք նաև «Նապոլիի» 6:0 հաշվով վստահ հաղթանակը «Բոլոնիայի» նկատմամբ:
«Յուվենտուսն» ունի 82, «Նապոլին»՝ 73, «Ռոման»՝ 68 միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Ի դեմս «Հերտա»-Դորտմունդի «Բավարիա» զույգի հաղթողի, գավաթի կիսաեզրափակչում նախօրեին «Վերդերին» 2:0 հաշվով հաղթած «Բավարիան» սպասում էր եզրափակչի իր մրցակցին: Առաջնությունում չորրորդ ու երկրորդ հորիզոնականներում գտնվող մրցակիցների պայքարը դիտարժան ստացվեց նաև ի հաշիվ մեր Հենրիխ Մխիթարյանի գոլի՝ 0:3: Եթե առաջնությունում առաջին երկու տեղերի հարցը հստակից հստակ է՝ ի դեմս դրանցում վստահորեն գտնվող բավարացիների ու դորտմունդցիների, ապա գավաթում վերջինիս հաղթանակն առաջինի նկատմամբ կարող է հաճելիորեն շոյել շատերի սրտերը: Այդ թվում՝ հայերիս, որ սրտանց Մխիթարյանին ուզում ենք տեսնել Գերմանիայի գավաթը գլխավերևում պահած:

ՖՐԱՆՍԻԱ
Գավաթային կիսաեզրափակիչներն այստեղ «Սոշո»-«Մարսել», «Պարի Սեն Ժերմեն»-«Լորիան» զույգերի կատարմամբ էին: Երկուսում էլ արձանագրվել է նվազագույն հաշվով առավելություն: Եզրափակչում կմրցի «Մարսել»-«Պարի Սեն Ժերմեն» զույգը: Մայրաքաղաքցիների շանսերն էապես մեծ են: Նրանք 1973 թվի «Արարատի» օրինակով շահագրգռված են երկրի չեմպիոնական մեդալները գավաթում պահելու հարցում, թեպետ, ի դեմս գավաթի, մարսելցիներն էլ դեմ չէին լինի մրցաշրջանը լավ տրամադրությամբ եզրափակելուն:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ